ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղղված ֆինանսական օգնության փաթեթը, բացի մեկ մլրդ դոլարից, կարող է ավելանալ եւս 600 մլն դոլարով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը «Բորիսպոլ» օդանավակայանում, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ որոշել է Ուկրաինային մեկ մլրդ դոլարի օգնություն հատկացնել:
«Նախագահ Օբամայի եւ խոսնակ Բեյների հետ իմ հանդիպումից հետո, չենք բացառում, որ նման փաթեթը կարող է լրացուցիչ ավելանալ եւս 600 մլն դոլարով»,-ասել է Յացենյուկը:
Նա հավելել է, որ ներկայումս սպասվում է այդ հարցով ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության ընթացակարգի ավարտը:
«ԱՄՆ այցից հետո կարելի է ասել, որ ԱՄՆ նախագահը, Կոնգրեսը, Սենատն ու ամերիկյան ժողովուրդը աննախադեպ աջակցություն են ցուցաբերում մեր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը պահպանելու հարցում»,-ընդգծել է Յացենյուկը:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եռօրյա այց է կատարել ԱՄՆ, որի ընթացքում հանդիպել է այդ երկրի նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերրիի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:


























