Միջազգային հանրությունը չի ճանաչի Ղրիմում կայանալիք հանրաքվեի արդյունքները: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, Լոնդոնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նա նշել է, որ Լավրովի հետ հանդիպման ընթացքում վերջինս հասկացնել  տվել, որ նախագահ Պուտինը նախքան հանրաքվեն որեւէ քայլ չի անի Ղրիմի հետ կապված:
«Մենք հույս ունենք, որ նախագահ Պուտինը կհասկանա, որ մենք չենք փորձում վիճարկել Ռուսաստանի իրավունքներն ու շահերը»,-հայտարարել է Քերրին ու հավելել, որ Ռուսաստանն Ուկրաինայում ունի պատմական, մշակութային եւ ռազմավարական շահեր:

Անդրադառնալով հենց բանակցություններին, Քերրին ասել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը նախագահ Պուտինին կփոխանցի Վաշինգթոնի ներկայացրած բոլոր գաղափարները: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները Ուկրաինայի, ինչպես նաեւ Իրանի, Սիրիայի եւ այլ հարցերով: