ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռեւս հույս ունի, որ Ուկրաինայի խնդրում Ռուսաստանի հետ առկա փակուղային վիճակից կարելի է դուրս գալ դիվանագիտական ճանապարհով: Ինչպես հաղորդում է USA Today-ը, այդ մասին Օբաման հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Էնդի Քեննիի հետ հանդիպումից հետո: Այդուհանդերձ, նա կրկին նախազգուշացրել է Ռուսաստանին այն հետեւանքների մասին, որոնք կարող են լինել, եթե Մոսկվան աջակցի Ղրիմը ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեին, որը նախատեսված է մարտի 16-ին:

«Եթե Ուկրաինայի ինքնիշխանությունը շարունակվի խախտվել, դա հետեւանքներ կունենա»,-հայտարարել է Օբաման:

ԱՄՆ-ը հնարավոր պատժամիջոցներ է պատրաստում ռուսական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց դեմ Ռուսաստանում եւ այլ երկրներում որոնք, ըստ Վաշինգթոնի, ներգրավված են Ղրիմում ռազմական ինտեվենցիայում:

Սպիտակ Տունը Ղրիմում կայանալիք հանրաքվեն համարում է ոչ լեգիտիմ եւ հակասահմանադրական:

Քերրի-Լավրով հանդիպման ժամանակ, որը կայացել է Լոնդոնում, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները  Ուկրաինայի հարցում տարբեր են, թեեւ ԱՄՆ պետքարտուղարի հետ իրենք օգտակար բանակցություններ են վարել: