Բժշկական սխալի պատճառով 4-ամյա Արտաշեսի մահից երկու տարի անց գործով մեղադրյալ չկա, եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Այս մասին NEWS.am-ին պատմեց մահացած փոքրկի հայրը՝ Սայադ Սեդրակյանը։
«Մահվան առիթով քրեական գործը հարուցվել է դեպքից 6 ամիս հետո, որևէ մեղադրանք չի առաջադրվել երեխային բաժանմունք ընդունած բժիշկ Արմինե Ասատրյանին: Երեխաս ընդունվել է բաժին սուր լարինգոտրախեիդի 1-ին կամ 2-րդ աստիճանով, Արմինե Ասատրյանը չի գիտակցել իր գործի լրջությունը, որ տվյալ հիվանդությունը ունի բարդ հետեւանքներ, կարող է կտրուկ զարգանալ՝1-ին աստիճանից՝ կտրուկ անցնելով 3-րդ, 4-րդ աստիճանի: Նա 15 ժամ երեխային անհիմն, չունենալով ոչ մի տեսակի սարքավորումներ, պահել է կենտրոնում, իմ երեխայի կյանքի հետ է խաղացել, հետագայում առաջացել են մնացած ռեանիմացիոն խնդիրները: Երեխայիս վիճակը աստիճանական կարգով ոչ ճիշտ օգնությունից գնացել է դեպի վատացում»,- պատմեց Սայադ Սեդրակյանը:
Հոր խոսքով, երբ երեխայի առողջական վիճակը վատացել է, անհրաժեշտություն է առաջացել Արտաշեսին տեղափոխել այլ բժշկական կենտրոն՝ ռեանիմացիոն բուժման:
«Զանգել ենք շտապօգնություն հատուկ բրիգադ, ասացին, որ չունեն ազատ մեքենա, զանգել ենք «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, որտեղ եւս չկար ազատ մեքենա, ասեցին, որ կպատասխանեն տասը րոպեի ընթացքում, տասը րոպե հետո զանգում ենք եւ նրանք այլեւս չեն պատասխանում: Ստիպված տեղափոխեցինք Արմավիրի շտապօգնության մեքենայով, որի մեջ չկային անհրաժեշտ սարքավորումները։ Երբ տեղափոխեցինք «Սուրբ աստվածամայր» հիվանդանոց, երեխան արդեն անշունչ վիճակում էր, այնտեղ վերակենդանացման միջոցներ իրականացրեցին, 5 օր անգիտակից մնալուց հետո երեխաս մահացավ թթվածնային քաղցից: Եթե անգամ 5 րոպե շուտ հասնեինք հիվանդանոց, երեխաս կփրկվեր»,- հիշում է հայրը:
Սեդրակ Սայադյանը պատմեց, որ երեխայի մահից վեց ամիս անց քրեական գործ է հարուցվել, Արմինե Ասատրյանի մասով գործը կարճվել է, քննությունը ցույց է տվել, որ թեև տղայի մահը բժշկական սխալի հետևանքով է, բայց դրա պատճառը եղել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում համապատասխան սարքավորումների բացակայությունը. «Մեղադրանք առաջադրվեց միայն «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Նշան Գևորգյանին, բայց առաջին ատյանի դատարանում մեղադրող դատախազը հրաժարվեց նրա դեմ մեղադրանքից եւ դատարանը մեխանիկորեն արդարացման վճիռ կայացրեց»:
Սեդրակ Սայադյանը դեռ պայքարում է որդու մահվան մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Նրա փաստաբանը մի քանի բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որպեսզի նախ «Արմավիր» ԲԿ բժիշկ Արմինե Ասատրյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը վերացվի, ապա բժշկական կենտրոնի տնօրեն Նշան Գևորգյանի արդարացման վճիռը բեկանվի, եւ նոր քննություն սկսվի:
«Դատախազության մոտ մարդկային կյանքը ընդհանրապես արժեք չունի, փաստորեն իմ երեխան մահացել է բժիշկների սխալի պատճառով, սակայն դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից: Էսօր էլ բժիշկը գտնվում է ազատության մեջ, նույնիսկ կարգապահական նկատողություն նա չի ստացել ու շարունակում է աշխատել: Պետք է ինքը՝ Ասատրյան Արմինեն, մահացնի դատախազի, նախագահի եւ մնացած պաշտոնյաների երեխաներին, նոր գիտակցեն, որ պետք է արդարադատություն իրականացվի, եւ մարդկային կյանքի հանդեպ անտարբեր չլինեն: Փաստորեն, մենք՝ շարքային քաղաքացիներս, մարդկային որեւէ արժեք չենք ներկայացնում մեզանից»,- վրդովված ասաց մահացած Արտաշեսի հայրը:











