Ղրիմի այսպես կոչված  հանրաքվեն խախտում է Ուկրաինայի սահմանադրությունը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է Chicago Tribune-ը: «Այսպես կոչված հանրաքվեն ուղղակիորեն խախտում է Ուկրաինայի սահմանադրությունն ու միջազգային իրավունքը: Եթե այն կայանա, չի ունենա իրավական ուժ, ոչ էլ քաղաքական լեգիտիմույուն»,-հայտարարել է Ռասմուսենն այն բանից հետո, երբ Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաեւ 50 երկրի(28-ը ՆԱՏՕ-ից, 22-ը Եվրոպայից եւ Կենտրոնական Ասիայից, որոնք ՆԱՏՕ-ի կազմում չեն), մասնակցել են Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի քննարկմանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում: Քննարկումը կայացել է Ուկրաինայի խնդրանքով:

Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանին մասնակցել երկխոսությանն ու հավելել է, որ պետք է հնարավորություն ընձեռել խնդրի քաղաքական կարգավորման համար՝ երկխոսության ու բանակցությունների ճանապարհով:

Թերթը Ռուսաստանի դիրքորոշումը նկարագրել է այսպես. «Մոսկվան նոր զորքեր է մտցրել Ղրիմ ու կրկնել սպառնալիքը՝ թե կներխուժի Ուկրաինայի այլ շրջաններ ի պատասխան հինգշաբթի երեկոյան Դոնեցկում կիրառված բռնության ու չի պատրաստվում  խոնարհել գլուխը Արեւմուտքի պահանջների առջեւ»: