Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դադարեցրել է Ղրիմի եւ Սեւաստոպոլի անկախության մասին հռչակագրի գործողությունը: Ավելի վաղ հռչակագիրն ընդունել էին ինքնավար հանրապետության իշխանությունները, հաղորդում է «Liga»-ն: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ղրիմի Գերագույն խորհուրդն ընդունել էր հռչակագիր Ուկրաինայից անկախանալու եւ Ռուսաստանին միանալու վերաբերյալ: Փաստաթուղթը պաշտպանել է նաեւ Սեւաստոպոլի քաղաքային խորհուրդը: Եթե մարտի 16-ին Ղրիմի բնակիչները «կողմ» քվեարկեն , Ղրիմը կհայտարարվի ինքնիշխան հանրապետություն:

Այսօր Ուկրաինայի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի՝ հանրաքվե անցկացնելու որոշումը չի համապատասխանում Ուկրաինայի Սահմանադրությանը: