Ուկրաինայի ու Եվրոպական միության միջեւ ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը կկնքվի 2014թ.-ի մարտի 21-ին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը վիդեոհայտարարության մեջ, որը հայտնվել Առաջին ազգայինի «Շուստեր Live»-ի եթերում: Նա տեղեկացրել է, որ զրուցել է ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյեի հետ: «Նա հաղորդեց, որ ԵՄ անդամ երկրները պատրաստ են մարտի 21-ին գագաթաժողով անցկացնել, որի ընթացքում կկնքեն Ուկրաինայի ու Եվրոպական միության միջեւ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը»,- ասել է Յացենյուկը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ Եվրոպական միությունը պատրաստ է նախքան նախագահական ընտրություններն Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել: Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի կնքումը կկայանի նախագահական ընտրություններից հետո, սակայն առեւտրական արտոնություններ Կիեւը կստանա նույնիսկ առանց ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման:


























