«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Իլյա Պոնոմարյովը Պետական դումա օրինագիծ է առաջ քաշել Ռուսաստանում ռուսատյացության քարոզի արգելման վերաբերյալ: Պատգամավորն առաջարկում է ռուսատյացության համար պատժել մինչեւ 50 հազար ռուբլի տուգանքով, վարչական կալանքներով կամ իրավախախտի ունեցվածքի բռնագանձմամբ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ ասելով ռուսատյացություն՝ խորհրդարանականը նկատի ունի «զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաեւ հանրային ցույցերի, պիկետավորումների, հավաքների, միտինգների կամ այլ եղանակներով՝ տպագիր նյութերի, նկարների, տեսանյութերի կամ ձայնագրությունների միջոցով ոչ հավաստի բացասական տեղեկատվության տարածում, որն ուղղված կլինի Ռուսաստանի կամ ռուսների, ինչպես նաեւ ռուսական մշակույթի, լեզվի եւ պետականության հանդեպ բացասական վերաբերմունքի ձեւավորմանը»

Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների համաձան ռուսատյացության քարոզը տուգանվելու է 1000-2000 ռուբլու չափով ունեցվածքի բռնագանձմամբ կամ վարչական կալանք 15 օր ժամկետով՝ դարձյալ ունեցվածքի բռնագանձմամբ: Պատժամիջոցները պաշտոնական անձնանց նկատմամբ նախատեսում են 1000-4000 ռուբլի ունեցվածքի բռնագանձմամբ, իրավաբանական անձանց դեպքում՝ 10-50 հազար ռուբլի ունեցվածքի բռնագանձմամբ:

Պոնոմորյովն ուղղումների անհրաժեշտությունը բացատրում է «լրատվամիջոցներում ռուսատյաց տրամադրությունների սրմամբ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների հետ»: Պատգամավորի կարծիքով՝ օրինագիծը կնպաստի «ռուսական պետության ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաեւ ռուսախոս անձնանց իրավունքների պաշտպանությանը բացասական տեղեկությունների ազդեցությունից՝ ինչպես ՌԴ քաղաքացի, այնպես էլ նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող ինքնիշխան պետությունների քաղաքացի:

Առանձին նշվում է, որ «չեն կարող արգելքի օբյեկտ հանդիսանալ մարդու անձնական հայացքները»: Բացի դա, «ռուսատյացության տարածման արգելքը չպետք է սահմանափակի խոսքի ու մտքի, տպագրության, փողոցային ելույթների եւ այլ հանրային միջոցառումների, միավորումների եւ հասարակական կազմակերպությունների ազատության մարդու իրավունքը: