ԱՄՆ-ը համարում է, որ Ռուսաստանում կրճատվում է ազատ ԶԼՄ-ների համար միջավայրը: Ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, ԱՄՆ-ին խիստ մտահոգում է Ռուսաստանում ազատ եւ անկախ ԶԼՄ-ների համար միջավայրի կրճատումը:

Իր հերթին միջազգային Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվացնում է «պտուտակները ձգելու» պրակտիկան Ղրիմում հանրաքվեի նախօրեին խոսքի ազատության համար: Ռուսաստանի իշխանությունները լայնածավալ հարձակում են սկսել ընդդեմ այն քիչ անկախ լրատվամիջոցների, որոնք դեռ կան երկրում՝ արգելափակելով մի շարք կայքեր, նշում է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Amnesty Internationa-ի ծրագրի տնօրեն  Ջոն Դալհուզենը:

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով արգելափակվել են մի շարք հայտնի ինտերնետ ռեսուրսներ, այդ թվում Նավալնու բլոգը, «Grani.ru»,-ն, «Kasparov.ru»-ն ու «Եժեդնեւնի ժուրնալ»-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն ուղղումներ է մտցնում տեղեկատվության մասին օրենքում, որոնք թույլ են տալիս ՌԴ Գլխավոր դատախազությանն արգելափակել կայքերը, որոնք հրապարակում են անօրինական համարվող գործողությունների կոչեր: