Ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը այժմ արդեն բավականին լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:
Նա նշեց, որ հիշողությունը որոշակիորեն վերականգնվել է, ճանաչում է հարազաներին, կարող է խոսել եւ պատասխանել հարցերին: «Պատասխանում է որոշ հարցերի՝ լավ եմ, վատ եմ, փորձել ենք կանգնեցնել, օգնությամբ կքայլի էլ»,- ասաց բժիշկը:
Նա նշեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում՝ հավանաբար երեքշաբթի կամ չորեքշաբթի, նրան բազկոսկրի վիրահատություն կկատարեն: Դրանից հետո Մամիկոն Խոջոյանը հիվանդանոցում կմնա 7-10 օր, եւ եթե ամեն ինչ լավ լինի, կկարողանա դուրս գրվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։


























