Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի լոգարանում մահացած հայտնաբերված բնակիչը տառապում էր սրտի անբավարարություն հիվանդությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը:
Նա նշեց, որ վերջինս գնացել էր զուգարան, բայց վայրկանական սրտի նոպա է ունեցել, ընկել տեղում եւ մահացել: Տղամարդը ամուսնացած չէր, ապրում էր հոր եւ մոր հետ, զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Ի դեպ, նրա եղբայրը տարիներ առաջ էլ մահացել է ինֆարկտից, ունի մեկ եղբայր եւս, ով Արամուսում չի ապրում:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ժամը 04.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը ընկել է լոգարանում եւ չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները լոգարանի հատակին հայտնաբերել են 1967 թ. ծնված Մ.Ա.-ի դին:



























