«Շեկոյի» սպանության գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանի տեղափոխությունը մի ՔԿՀ-ից մյուսը պայմանավորված է դատավարական պրոցեսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
Վահե Ղուկասյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ, քանի որ մարտի 14-ից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է գործով դատաքննությունը:
Ի դեպ, նշենք, որ առաջին նիստին դատարան բերված Վահե Ղուկասյանը բավականին լավ տեսք ուներ, դեռ մի բան էլ դահլիճում նստած իր ընկերներին գոտեպնդում էր՝ ասելով, թե «ինչ եք դուխներդ գցել նստել, սաղ լավ կլինի»:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե նիստի նախորդ օրը երեկոյան Վահե Ղուկասյանին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի ՔԿՀ, որտեղ Ղուկասյանները մի մեծ կերուխում են սարքել։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը հավաստիացրել էր, թե նման բան չկա.«Ես ձեզ վստահեցնում եմ՝ անձամբ եմ ընդունել Վահե Ղուկասյանին եւ նրան բացատրել եմ ՔԿՀ-ի կանոնները։ Ավելին կարող եմ ասել, որ Ղուկասյաններից ոչ ոք այստեղ չի եղել»,– ասել էր նա թերթին։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Մեղադրյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ ինքնապաշտպանվել է: «Ինքը մենակ է եղել, երկու հոգի իր դեմ, ինքը ստացել է մարմնական վնասվածք, առաջինը իր վրա են սկսել կրակել, իսկ քննիչը գտնում է, որ առաջին կրակոցները Վահեի կողմից են եղել, այս հանգամանքից էլ կախված է գործի ելքը»,-ասել էր Հայկ Ալումյանը:
Ապրիլի 25-ին ձերբակալված Գեւորգ Խաչատրյանի («Քավոր Հարութի» որդին) նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, այնուհետեւ համաներմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:



























