Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի դստեր՝ 19-ամյա Ս. Քոչարյանի ինքնասպանության դեպքի առթիվ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում նյութեր էին նախապատրաստվում, բայց քրեական գործ չի հարուցվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հատկանիշներով:
Իսկ ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սողոմոն Քոչարյանը դեռ գտնվում է ծանր հոգեբանական վիճակում եւ սոցիալ- հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի համապատասխան աշխատակիցները շարունակում են աշխատանքները դատապարտյալի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 1-ին 19-ամյա Ս. Քոչարյանը ինքնասպանություն է գործել՝ նետվելով «Թանգուբ ձորը»:
Նրա հայրը՝ Սողոմոն Քոչարյանը, Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն սպանելու համար դատապարտվել էր մահապատժի, սակայն հետո պատիժը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ ՔԿՀ-ից փախչելու, առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: Ի դեպ, Սողոմոն Քոչարյանին չեն թույլատրել մասնակցել դստեր հոգեհանգստին, քանի որ «առանձնապես ծանր հանցագործություն կատարած դատապարատյալին կարճաժամկետ մեկնումն արգելվում է»:



























