Դերսիմահայերի հավատի ու փոխօգնության միությունը Դերսիմի ու Երեւանի միջեւ կապ հաստատելու նպատակով մտադիր է գրասենյակ բացել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Դերսիմահայերի հավատի ու փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը:

Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի վերաբերմունքին դերսիմահայերի հանդեպ՝ նա նշել է, որ այսօր գոյություն ունի Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի ներկայացուցիչ, ով դերսիմահայերի հետ այդքան էլ սերտ հարաբերություններ չունի, սակայն նրանց համար մեծ դժվարություններ չի ստեղծում: «Այնուամենայնիվ, երբ մենք ցանկանում ենք մկրտել երիտասարդներին, մենք որոշ դժվարությունների ենք ունենում»,- պատմել է Միհրան Փրկիչ Գյուլթեքինը:

Նրա խոսքով՝ Դերսիմահայերի հավատի ու փոխօգնության միությունը հասել է նրան, որ հայերը, ովքեր թաքցնում էին իրենց ինքությունը, այժմ կարող են ազատ ասել իրենց հայ լինելու մասին: «Իհարկե, մենք ավելին չենք կարող, քանի որ հնարավորություն չունենք Դերսիմի հայերին հայերեն սովորեցնել, սակայն եթե կարողանանք այնտեղ թեկուզ մեկ մատուռ վերականգնել, ապա ճանապարհ կհարթենք նրանցկրոնական պահաջների իրականացման համար»,- եզրափակել է Միհրան Փրկիչ Գյուլթեքինը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները արյամբ ճնշեցին Դերսիմի ապստամբությունը՝ ոչնչացնելով հազարավոր գյուղեր: Տարբեր աղբյուրների համաձայն՝Դերսիմում ջարդերի ժամանակ սպանվել է մինչեւ 100 հազար մարդ: 1915թ.-ի ցեղասպանությունից փրկված եւ Դերսիմի տարբեր գյուղերում ապաստանած հայերը 1938թ.-ին դարձյալ զանգվածային կոտորածի ենթարկվեցին: