Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, մինչեւ շաբաթվա վերջ կգումարի հերթական նիստը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Այս նիստում ուսւմնասիրողները կներկայացնեն ուղեւորահոսքի մասին տվյալները եւ դրանց ու ծախսերի վերլուծությամբ էլ տրանսպորտի նոր սակագինը մոտավոր պարզ կդառնա: Ուղեւորավարձի մոտավոր հաշվարկից հետո էլ հանձնաժողովը նիստեր կգումարի՝ քննարկելու դրա ներդրման մեխանիզմը եւ հարակից հարցեր: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ նոր սակագինը պարզ կդառնա ապրիլին, սակայն թե երբ այն կներդնեն իշխանությունները, պարզ չի:
Նշենք, որ տնտեսվարողները տարբեր հաշվարկներ էին ներկայացրել՝ ուղեվարձը 150-250 դրամ դարձնելու մասին, շեշտել էին, որ անհնար է այս գումարով աշխատել: Իսկ հ/կ-ների ներկայացուցիչները հաշվարկներ են արել, ըստ որի՝ հնարավոր է նույնիսկ 80 դրամ ուղեվարձով շահույթ ստանալ: Այժմ հանձնաժողովը ուսումնասիրություններ, քննարկումներ է անում, որից հետո կհայտարարեն, թե ինչքան պետք է թանկանա ուղեվարձը: Պատկան մարմինները բազմիցս հայտարարել են, որ ուղեվարձի բարձրացումը անխուսափելի է:


























