Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն անձամբ է ճանաչում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ «ամենայն ազնվությամբ» հայտարարում է, թե նրան հալածում են պատեհ-անպատեհ առիթներով:
«Թիրախ են դարձրել Տարոն Մարգարյանի հայտարարագիրը, տրանսպորտի թանկացման հարցը եւ թեկնածուական պաշտպանությունը: Շատ մարդիկ կան, ովքեր ութերորդ դասարանի կրթություն ունեն, բայց դոկտորական են պաշտպանում, իսկ Տարոն Մարգարյանը, լինելով կրթված ընտանիքից, կարող է թեկնածուական պաշտպանել»,- այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` արձագանքելով քաղաքապետի մասին հնչող կարծիքներին:
Լեռնիկ Ալեքսանյանը «երդվում» է, որ Երեւանի քաղաքապետը թեկնածուականի պաշտպանության օրը չի հրամայել իրեն պաշտպանել:
ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով Երեւանի քաղաքապետի մասին, նրան համեմատեց Նապոլեոն Բոնապարտի եւ Կիմ Իր Սենի հետ:
«Տարոնը մեր Բոնապարտն է էլի, կամ Կիմ Իր Սենը, որը 9 տարեկանում գրել է չուչխեի գաղափարախոսության մասին: Տարոն Մարգարյանն էլ տասներկու տարեկանում պաշտպանել է Ղարաբաղի սահմանները»,- հեգնանքով ասաց ՀԱԿ նախկին անդամը:
Բանախոսները մոտ երեսուն րոպե վիճելուց հետո այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, թե ինչպիսի քաղաքապետ է Տարոն Մարգարյանը:



























