Ուկրաինայում եւ Ղրիմում կատարվող դեպքերի մասին Հայաստանը պետք է հայտարարություններ չանի, քանի որ խոսելով Հայաստանը վտանգի տակ կդնի Ղրիմի հայկական համայնքին: Այս մասին այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Սա այն դեպքն է, երբ համաձայն եմ մեր իշխանությունների հետ: Ղրիմում մենք մեծ հայկական համայնք ունենք: Միայն սրա համար պետք է չեզոք լինենք ու մեր տեսակետը չհայտնենք, որովհետեւ խոսելով` կվնասենք հայկական համայնքին»,- ասաց նա:
Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ է համաձայն, որ «նուրբ թեմա է եւ պետք չէ խոսել այս ամենի մասին»:
Գուրգեն Եղիազարյանը դեռ ասուլիսի սկզբից սպասում էր, թե երբ է խոսելու ուկրաինական դեպքերի մասին, որպեսզի զուգահեռներ անցկացնի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ:
«Յանուկովիչի էս դեպքից հետո հայերը արագ գնացին ու զուգարանները փոխեցին, իսկ ինչ վերաբերվում է նրանց համեմատությանը, ապա ասեմ, որ երկուսին էլ Եվրոպայի խայտառակ օգնությամբ հաղթեցին ընտրություններում ու դարձան նախագահ: Եթե Յանուկովիչը մինչեւ իշխանության գալն արդեն մեծահարուստ էր, ապա Սերժ Սարգսյանը իշխանության գալուց հետո է հավաքել իր կարողությունը»,- ավելացրեց ՀԱԿ նախկին անդամը:
Ղրիմի հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, միջազգային կառույցները, Ուկրաինայի գործող իշխանությունը հանրաքվեն օրինական չեն ճանաչում, իսկ Ուկրաինայի Սահմանադրական դատարանը հանրաքվեի անցկացման որոշումը հակասահմանադրական է անվանել։



























