Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հիշել է Մոսկվայի պայմանագիրը։ Մարտի 15-ի մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ քաղաքական գործիչը Հայաստանի ճակատագիրը կապել է վերոնշյալ պայմանագրի հետ՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը ցանկանում է ապագա ունենալ, պետք է հրապարակային հանդես գա՝ պահանջելով անվավեր ճանաչել 1921թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ-իեւ Թուրքիայի միջեւ ստորագրված Մոսկվայի պայմանագիրը:
Նա հայտնել է, որ մարտի 16-ին «Ազգային ինքնորոշում» միավորումը նամակ կուղարկի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն: «Այսօր՝ ժ. 14.00-ին, «Ազգային ինքնորոշում» միավորումը կհավաքվի, որոշելու, թե երբ է անցկացնելու երթը, երբ է տեղի ունենալու նամակի պաշտոնական հանձնման արարողությունը ռուսական դեսպանատուն»,- հավելել է Հայրիկյանը:
Մոսկվայի պայմանագրով ՌԽՖՍՀ-ն ճանաչել էր Թուրքիան՝ «Թուրքական ազգային պակտում» հռչակված սահմաններով։ Առանց Ադրբեջանի ԽՍՀ-ի, Հայաստանի ԽՍՀ-ի եւ Վրաստանի ԽՍՀ-ի մասնակցության ընդունված պայմանագիրը հաստատել էր Թուրքիայի հարավարեւելյան սահմանն այդ երկրների հետ՝ամրագրելով Ալեքսանդրապոլի պայմանագրով հաստատված Թուրքիայի տարածքային ձեռքբերումները՝ բացառությամբ Ալեքսանդրապոլ քաղաքի եւ Էրիվանի նահանգի, որոնք Թուրքիան պարտավորվել էր հանձնել Հայաստանի ԽՍՀ-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























