Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է որոշման նախագիծ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Օրինագիծը նախաձեռնել է Ուկրաինայի ԳՌ նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:

Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանը մարտի 6-ին որոշում էր կայացրել Ղրիմը ՌԴ-ին միացնելու մասին եւ երկու այլընտրանքային հարց էր բարձրացրել մարտի 16-ին կայանալիք հանրաքվեին՝ 1. Կո՞ղմ եք Ղրիմի Ռուսաստանին միացմանը Ռուսաստանի Դաշնության օբյեկտի կարգավիճակում: 2. Կողմ եք Ղրիմի Հանրապետությունում 1992թ.-ի Սահմանադրության վերականգնմանը եւ Ղրիմի կարգավիճակի վերականգնմանը որպես Ուկրաինայի մի մաս:

Ուկրաինայի Սահմանադրական դատարանը մարտի 14-ին անօրինական էր ճանաչել ՂԻՀ Գերագույն Խորհրդի որոշումը «Ղրիմում ընդհանուր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ»: Այժմ ԳՌ-ում հայտարարված է ընդմիջում ռեգիոնալների եւ «Սվոբոդայի» ներկայացուցիչների միջեւ հակասությունների պատճառով: