Արմավիր քաղաքի բնակիչ, 43-ամյա Մաթեւոս Մ.-ն մեղադրվում է Ջեմմա Պ.-ին երկաթյա խարտոցով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի տներից մեկում: Մաթեւոսը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է Ջեմմա Պ.-ի տուն, որտեղ նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել: Վեճի ընթացքում Մաթեւոսն իր ձեռքում եղած երկաթյա խարտոցով դիտավորյալ հարվածներ է հասցրել Ջեմմայի գլխին ու ոտքին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Մաթեւոս Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգքրի 113-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 20-ին: