Վանաձորի 26-ամյա բնակիչ Վահրամ Ա.-ն մեղադրվում է անասնագոմից խոշոր եղջերավոր անասուն ու գազային ատրճանակ գողանալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 30-ի գիշերը: Աշխատելով Էջմիածնի անասնագոմերից մեկում որպես անասնապահ եւ պահակ՝ Վահրամը կատարել է գողություն: Նա հափշտակել է իրեն վստահված 360 հազար դրամ արժողությամբ մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն, օգտագործման համար իրեն տրամադրված բջջային հեռախոս եւ պահակություն կատարելու համար իր տնօրինության տակ գտնվող 200 հազար դրամ արժողության գազային ատրճանակը: Այսպիսով, Վահրամը անասնագոմի տիրոջը՝ պատճառել է ընդհանուր 601 հազար դրամի գույքային վնաս:

Վահրամ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 4-րդ կետով: Առաջինը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Երկրորդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Վահրամը կալանավորված է:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 20-ին: