NEWS.am-ը մեջբերում է «Deutsche Welle» կայքում հրապարակված լրագրող Սփենսեր Քիմբալի հոդվածը` զգալի կրճատումներով.

Նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է Եվրասիական միութուն ստեղծել մի տարածքոում, որտեղ ժամանակին Խորհրդային միությունն էր իշխում: Սակայն Ղրիմում Մոսկվայի միջամտությունը կարող է նախկին խորհրդային հանրապետություններին դրդել երկու անգամ մտածել Ռուսաստանին  ավելի խոր ինտեգրման մասին: 

Դեռեւս 2005թ. ռուսական խորհրդարանին իր ամենամյա ուղերձի ժամանակ նախագահ Պոտինը հրապարակավ ափսոսանք էր հայտնել Խորհրդային միության փլուզվելու կապակցությամբ` այն անվանելով «դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետը»: ԿԳԲ-ի նախկին աշխատակիցն այդ «աղետի» իր լուծումն էր ներկայացրել 2011թ. թերթի հոդվածում` կոչ անելով Եվրասիական միություն ստեղծել:

Հարեւան Բելառուսն ու Ղազախստանը համաձայնագիր էին ստորագրել այդ ինտեգրացիոն նախագծում Ռուսաստանին միանալու վերաբերյալ: 2010թ. նախկին խորհրդային երեք հանրապետությունները ընդհանուր Մաքսային միություն էին ձեւավորել: Նրանք համաձայնել էին Եվրասիական տնտեսական միությունը կյանքի կոչել արդեն 2015թ. հունվարի 1-ին: 

Ըստ Բրյուսելի եվրասիական տարածաշրջանի փորձագետ Ամանդա Փոլի` Եվրասիական միությունը ձեւավորվում է ԵՄ-ի քաղաքական անդամակցության  սկզբունքով, սակայն առանց ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա կենտրոնանալու:

Ըստ Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի ռուս փորձագետ Լիլյա Շեվցովայի` բելառուսցի ամենակարող Ալեքսանդր Լուկաշենկոն  կմիանա, քանի որ «չի կարող Եվրոպա գնալ»`  իր ռեպրեսիվ քաղաքականության  պատճառով, եւ «չի կարող ինքնուրույն դիմակայել»` երկրի տնտեսական խնդիրների պատճառով: Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբայեւը հույս ունի օգտագործել Ռուսաստանը` երկրի վրա Չինաստանի տնտեսական ազդեցությունը հավասարակշռելու նպատակով

Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանը մերժել էր ԵՄ-ի հետ ասոցացման վերաբերյալ համաձայնագիրը` փոխարենն ընտրելով Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությունը: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Երեւանը ՄՄ-ին անդամակցելուն պատրաստ կլինի ապրիլի կեսերին: «Իրենց համաձայնագիրը ԵՄ-ի հետ թաղելուց բացի նրանք պարզապես այլ ընտրություն չունեին`տարբեր բնագավառներում Ռուսաստանից կախվածության պատճառով, ներառյալ էներգետիկական անվտանգությունը, տնտեսությունը եւ առեւտուրը, - ասել է Փոլը: - ԵՄ-ի հետ  հարեւանությամբ ոչ մի երկիր չի ցանկանում միանալ: Իսկ Ռուսաստանը պարտադրում է նրանց դա անել` իր ունեցած բոլոր  մահակներով եւ մտրակներով»:

Ըստ Շեվցովայի` Կիեւը Ռուսաստանի եվրասիական նկրտումների «մարգարիտն է»: 45 միլիոն բնակչությամբ Ուկրաինան ունի գյուղատնտեսական բարեբեր հողատարածքներ, արդյունաբերական շուկա եւ գտնվում է Կենտրոնական Եվրոպայի շեմին:  «Պուտինի գլխավոր նպատակներից էր Ուկրաինան իր ուղեծրում ընդգրկելը, քանի որ Եվրասիական միությունն առանց Ուկրաինայի կունենա շատ արտահայտված  ասիական դեմք»,– ասել է նա:

Սակայն Մոսկվայի միջամտությունը Կիեւում կարող է վտանգի տակ դնել ողջ ինտեգրացիոն ծրագիրը: Ուկրաինան էլ ավելի է ձգտում Արեւմուտքի գիրկը` սեւծովյան թերակղզու ռուսական դե ֆակտո բռնակցման հետեւանքով:

Բելառուսը եւ Ղազախստանը հրապարակավ այնքան էլ մեծ աջակցություն չեն հայտնել Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշմանը: Պուտինի դոկտրինը` իրեն իրավունք վերապահել ռազմական ուժ կիրառել էթնիկ ռուսների պաշտպանության համար,  կարող էր անհանգստացնել Մինսկին եւ Աստանային: Ղազախստանի բնաչության գրեթե մեկ քառորդը եւ Բելառուսի բնակչության ութ տոկոսն իրենց ռուս են համարում: