Մանհեթենի դատարանի ատենակալները մեղավոր են ճանաչել 23-ամյա  ավտոմեխանիկ Մայքլ վան Հայզին եւ 61-ամյա դպրոցական գրադարանավար Քրիստոֆեր Էշին՝ մի շարք կանանց, այդ թվում՝ իրենց բարեկամուհիների առեւանգման եւ սպանության նպատակով պայմանավորվածության հասնելու մեջ:

Դաշնային դատախազ Փրիթ Բհարարան հայտնել է, որ երկու տղամարդկանց ծրագրերը անձնական սեռական ֆանտազիաներից դուրս են եղել, եւ նրանք իրոք մտադիր են եղել առեւանգել, բռնաբարել եւ սպանել մի շարք կանանց, այդ թվում՝ վան Հայզի կնոջն ու քենուն, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Նյույորքցիների պաշտպանությունը պնդել է, որ տղամարդկանց քննարկումները սարսափ ֆիլմերի սցենար են հիշեցրել միայն, եւ հետագայում բողոքարկելու մտադրություն են հայտնել:

Դաժան սեռական ֆանտազիաներին նվիրված  կայքերը ԱՄՆ-ի ոստիկանության եւ հանրության ուշադրության կենտրոնում էին հայտնվել՝ Նյու Յորքի ոստիկան Գիլբերտո Վալեի դատավարությունից հետո, որը մեղադրվում էր անցյալ տարի մարդկանց առեւանգման պայմանավորվածության գալու մեջ: