Մայրաքաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի եւ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին ներկա է գտնվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը: ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ու արդեն ավանդական դարձած այս միջոցառումը յուրօրինակ նվեր է հայ կանաց ու աղջիկներին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ներկաներին կատարումներով ողջունել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տաղանդաշատ երեխաները: Միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ, մեկ հարց-մեկ պատասխան ձեւաչափով, միջոցառմանը ներգրավվել են նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ովքեր, օգտվելով հերթական առիթից, իրենց մաղթանքներն են հղել բոլոր հայ կանանց ու աղջիկներին՝ ցանկանալով նրանց երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում:



























