Իրանական կողմը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի ընթացիկ տարում կայանա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան, NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսին։

Դեսպանի խոսքով՝ Իրանի նախագահի համար առաջնայինը հարեւանների հետ հարաբերություններն են։ Եվ առաջին հերթին նա նախատեսում է այցելել հարեւան երկրներ, մասնավորապես՝ Հայաստան, որը Իրանի համար հատուկ առաջնահերթություն է։ Հուսով եմ՝ ընթացիկ տարում այցը կկայանա», - նշել է Մուհամադ Ռեիսին։

Անդրադառնալով երկկողմ էներգետիկական համագործակցության հեռանկարներին՝ դեսպանը նշել է, որ սպասվում է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկումներ կլինեն եւ կկայացվեն համապատասխան որոշումներ։

Հարցին, թե հաշվի առնելով իրանական տնտեսության բացվելը միջազգային շուկայի առջև՝ հնարավո՞ր է Իրանը նոր առաջարկներ անի Հայաստանին գազի վաճառքի վերաբերյալ, Մուհամադ Ռայիսին պատասխանեց.- «Հնարավոր է: Դա կախված է բանակցություններից: Մայիսին Թեհրանում տեղի ունենալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում կարող է քննարկվել նաև այդ հարցը»:

Որոտանի ՀԷԿ-ը ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը վաճառելու հետեւանքով հայ-իրանական էներգետիկական համագործակցության ոլորտում խնդիրների ծագման հավանականության մասին հարցին ի պատասխան Մուհամադ Ռեիսին ընդգծել է, որ Իրանի գործընկերն է ՀՀ-ն, եւ իրանական կողմը ոչ մի կապ չունի  այն բանի հետ, թե ով է գնել Որոտանի ՀԷԿ-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ «Կոնտուր գլոբալ» ընկերության փոխնախագահի միջեւ համաձայնագիր էր ստորագրվել՝ Որոտանի ՀԷԿ-ի առուվճառքի վերաբերյալ:  Ըստ ստորագրված փաստաթղթի՝ «Կոնտուր գլոբալ» ընկերության սեփականություն դարձած ՀԷԿ-ը էլեկտրաէներգիայով կապահովի Հայաստանի բաշխիչ ցանցերը: Դա ենթադրում է վեց տարվա ընթացքում 70 միլիոն դոլար ներդրում՝ համալիրը արդիականացնելու, անվտանգությունը եւ հուսալիությունը բարձրացնելու համար: