Երեւանը տառապում է սուպերմարկետների քաոսային կառուցումներից: Նման կարծիք հայտնել է «Հայաստանի սպառողների միություն»  հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված է մարտի 15-ին նշվողՍպառողների իրավունքների համաշխարհային օրվան:

«Երեւանում այժմ զարգանում են սուպերմարկետներն ու հիպարմարկետները: Սակայն զարգացումն անկառավարելի է: Ծրագրված չէ, թե որ սուպերմարկետը որ շրջանին է ծառայելու: Արդյունքում սննկանում են փոքր խանութները, խոշորները սկսում են սպառողին թելադրել իրենց պայմանները»,- հայտարարել է Պողոսյանը:

Նշենք, որ ԵՄ 2006/123 որոշումը ԵՄ անդամ երկրներին ազատում է խոչընդոտներից նոր ձեռնարկություններ հիմնելու համար, այդ թվում նաեւ սպասարկման ոլորտում: Այնուամենայնիվ, որոշ երկրներում հրաժարվում են ամբողջական օրինականացումից: Օրինակ Իսպանիայում որոշումն ընդունել են, սակայն տեղի վարչություններին են թողել սուպերմարկետի նախագիծը հաստատելու իրավունքը, եթե նոր շինությունն ազդելու է պատմական հուշարձանների կամ սպառողների շահերի վրա: Թե որքան են սա հաշվի առնում Երեւանում մենք ականատես եղանք 2013թ. ամռանը՝ Մաշտոցի պողոտայում Փակ շուկայի հետ: Ինչ վերաբերում է քաղաքի նախագծին, ապա սուպերմարկետների ազդեցությունը երթեւեկության վրա նույնպես մտածելու տեղիք է տալիս: