Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարանի կառուցման հարցում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ապակողմնորոշել էին: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ Մշակույթի նախարարությունը որոշել է կասեցնել սրճարանի կառուցումը։

«Մեր մշակույթի նախարարին՝ տիկին Պողոսյանին, ներկայացրել էին, թե իբր տարածքում ջուր չկա, խանութ չկա, նստարան չկա, իրենք էլ ուզում էին դնել նստարաններ, զբոսաշրջիկների համար սառը սուրճ, թխվածքներ, սենդվիչներ, նման բաներ: Բայց իրականում 10 տարի է՝  այդ ապրանքները վաճառվում են մեզ մոտ, վաճառում են պաղպաղակ, սառը սուրճեր, թեյ, այսինքն անհրաժեշտություն չկա սրճարան կառուցել»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետի խոսքով՝ իրենց հետեւողականությունը օգնեց, որպեսզի սրճարանի շինարարությունը կասեցվի. «Մենք հասանք նրան, որ խոսքը հասցրեցինք նախարարին, փոխվարչապետին, վարչապետին, եւ այս պահին արդեն կասեցված է»:

Նշենք, որ Մշակույթի նախարարությունն ու ՊՈԱԿ-ն արդեն մի քանի օր քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ՝ որոշելու տաճարի տարածքում սրճարան կառուցելու նպատակահարմարությունը: Տուրօպերատորների կարծիքով՝ սրճարանը կվնասի տաճարի զբոսաշրջային գրավչությանը: Սպասվում է, որ առաջիկա շաբաթ նախարարությունը պաշտոնապես կհայտնի՝ որոշումը չեղյալ կհայտարարվի, թե ոչ: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, սակայն, սրճարանի կառուցումը դադարեցնելու որոշումն արդեն կայացվել է։

Հիշեցնենք, որ Գառնու գյուղապետը պայքարում էր սրճարանի կառուցման դեմ՝ նշելով, որ չկա Մշակույթի նախարարության հստակ եզրակացություն, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Գառնու բնակիչները նույնպես միացել էին գյուղապետին։