Ղրիմի եւ Սեւաստոպոլի պետական կարգավիճակի մասին հանրաքվեն անց է կացվում մարտի 16-ին: Եռալեզու քվեաթերթիկները՝ ռուսերեն, ուկրաիներեն եւ ղրիմ-թաթարերեն, պարունակում են երկու այլընտրանքային հարց. 1) Կո՞ղմ եք Ղրիմի միացմանը Ռուսաստանին Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքի հիման վրա: 2) Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992թ.-ի Սահմանադրության վերականգնամանը եւ Ղրիմի կարգավիճակին որպես Ուկրաինայի մի մաս:

Ընդ որում, Ուկրաինայի կենտրոնական իշխանությունը չի ճանաչում հանրաքվե անցկացնելու որոշման լեգիտիմությունը: Այսպես,  մարտի 14-ին Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Ղրիմի Գերագույն խորհրդի «հանրաքվե անցկացնելու» որոշումն հակասահմանադրական ճանաչեց: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը նախօրեին դիմել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին՝ կոչ անելով չմասնակցել այսպես կոչված հանրաքվեին:

Իրենց հերթին սահմանադրական իրավունքի Եվրոպայի խորհրդի փորձագետները հայտարարեցին այն մասին, որ Ռուսաստանին միանալու վերաբերյլա Ղրիմում անցկացվող հանրաքվեն լեգիտիմ չէ:Վենետիկյան հանձնաժողովն իր որոշումը պայամնավորում է նրանով, որ նման հանրաքվեի անցկացումը նախատեսված չէ ոչ Ուկրաինայի, ոչ Ղրիմի սահմանադրությամբ: Փորձագետները նշում են նաեւ այն փաստը, որ տվյալ հանրաքվեի անցկացման պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:Իրենց հերթին ԵԱՀԿ եւ ԺՀՄԻԳ դիտորդները չեն հետեւելու քվեարկությանին: «Դիտորդները կարող են ներկա լինել ընտրություններին, երբ հրավիրվեն այն երկրի կողմից, որտեղ ընտրություններն ընթանում են, այս դեպքում Ուկրաինայի կողմից: Մենք չենք հետեւելու Ղրիմի հանրաքվեին», - ասվում է ԵԱՀԿ ներկայացուցչի հայտարարության մեջ:

Ռուսաստանը խոստանում է հայտնել վերաբերմունքը հանրաքվեի հանդեպ, երբ հայտնի լինեն արդյունքները, սակայն Ղրիմի ղեկավարությունը վստահ է, որ Մոսկվան պատրաստ է Ղրիմը ներառել ՌԴ կազմում: Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ զրույցում ընդգծել էր, որ առաջիկա հանրաքվեն լիովին համապատասխանում  է միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ Կանոնադրությանը: