Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում Սերբիայում բացվել են ընտրտեղամասերը:

Հաղորդում են, որ երկրի քաղաքացիներն ընտրելու են 250 անդամից բաղկացած խորհրդարանի նոր կազմը չորս տարի ժամկետով, պարզաբանում է գործակալությունը: Քվեարկությունը կտեւի մինչեւ 20:00 տեղի ժամանակով, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին: Ընդհանուր առմամբ ընտրական իրավունք ունի 6,7 մլն մարդ:

Ընդ որում նշվում է, որ արտահերթ ընտրություններն անց են կացվում Եվրոպական Միությանը Սերբիայի միանալու վերաբերյալ հունվարին վերաբացվող բանակցությունների ենթատեքստում:

Մասնագետների կարծիքով ընտրություների գլխավոր ինտրիգը հարցն է այն մասին, թե ով կզբաղեցնի երկրորդ տեղը: Հարցումների տվյալներով՝ առայժմ երկրորդ տեղում է Իվիցա Դաչիչի գլխավորած Սերբիայի սոցիալիստական կուսակցության շուրջ ձեւավորված կոալիցիան: Այն հավաքել է ձայների 14 տոկոսը:

Հունվարի վերջին Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը արձակել էր Սկուպշչինան(խորհրդարան) եւ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել էր մարտի 16-ին: Որոշումն ընդունվել է իշխող կոալիցիայի եւ Սերբիայի սոցիալիստական կուսակցության միջեւ բազմաթիվ տարաձայնությունների պատճառով: Ստեղծված իրավիճակը դանդաղեցնում էր երկրում անհրաժեշտ ռեֆորմների անցկացումը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: