Մոտ 100 մարդ է զոհվել Նիգերիայի կենտրոնական հատվածում Քադունա նահանգի երեք գյուղի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով:

Հաղորդում են, որ հարձակվողները հրկիզել են տները, խլել ունեցվածքը:

«Մեր տվյալների համաձայն՝ հարձակվել են երեք գյուղի վրա, չի վնասվել ընդամենը հինգ տուն: Մոտ 100 բնակիչ սպանվել է»,- ասել է տեղի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Դանիել Անիպը:

Տեղի բնակիչ Նուհու Մոսեսի խոսքով՝ հարձակվողները թվով 40-ն էին, նրանք զինված էին սառը զենքով ու հրազենով: Գրոհայինները հարձակվում էին նրանց վրա, ովքեր փորձում էին թաքնվել: «Ես կարողացա փախչել, սակայն մեր պաստորի կինն ու նրա երեխաները սպանվել էին մաչետեի հարվածներից»,- հաղորդում է Մոսեսը:

Նահանգի ոստիկանությունը ստորաբաժանումներ է ուղարկում դեպքի վայր: Դեռ հաստատված չէ, թե որ խմբավորումն է պատասխանատու հանցագործության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով All Africa-ին: