Հայաստանի թատերական գործիչների միությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ երկարատեւ հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանը:

Արտաշես Հովհաննիսյանն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր Իջեւանի ժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել էր «Տորեադորների վալսը» , «Մթին պատմություն», «Աշնան արեւ» եւ մի շարք այլ ստեղծագործություններ:

Նա Հայաստանում առաջինը ստեղծեց ոչ պետական թատրոն՝ «Նորք» թատրոն-ստուդիան, որը գործեց տեւական ժամանակ:
Կյանքի վերջին տարիներին Արտաշես Հովհաննիսյանը ստեղծեց Թեքեյան թատերախումբը: Անվանի բեմադրիչ-մանկավարժը բեմադրություններով հանդես է եկել Երեւանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան եւ այլ թատրոններում: