Գերմանական կողմի նախաձեռնությամբ մարտի 16-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԳԴՀ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի միջեւ:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակն, ինչպես նաեւ Ղրիմում այսօր անցկացվող հանրաքվեն: Պուտինն ուշադրություն է դարձրել, որ թերակղզու բնակչության կամքն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին միանգամայն համապատասխան, մասնավորապես ՄԱԿ Կանոնդադրության 1-ին հոդվածին, որում ամրագրված է ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը: Ընդգծվել է, որ Ռուսաստանը հարգելու է Ղրիմի բնակչության ընտրությունը:

Ռուսաստանի նախագահը դարձյալ մտահոգություն է հայնտել Ուկրաինայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում ծայրահեղական խմբավորումների կողմից իրավիճակի սրմամբ՝ Կիեւի իշխանությունների թողտվության պայմաններում, հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտարարում է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, իր հերթին Մերկելը դատապարտել է նախօրեին Խերսոնի մարզում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ռուս զինվորականները գրավել են գազամուղ կայանը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Բացի այդ Մերկելն առաջարկել է ընդլայնել ԵԱՀԿ ներկայությունն Ուկրաինայում: Դա հատկապես վերաբերում է երկրի արեւելյան շրջաններին: Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել նախաձեռնությունը, ընդգծում է Reuters գործակալությունը:

Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են շարունակել այդ հարցերի քննարկումը հետագա հանդիպումների ընթացքում, այդ թվում նաեւ արտգործնախարարներ Լավրովի եւ Շտայնմայերի հանդիպման ընթացքում: