Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր ուկրաինական «Մեժիգորյե» նստավայրից զրկվելուց հետո որոշել է հիմնավորվել Ռուսաստանում:
Հաղորդվում է, որ նա փետրվարի 26-ին Մերձմոսկվայում առանձնատուն է գնել 52 մլն դոլարով: «Մայենդորֆի այգիներ» քոթեջային ավանը այն քիչ տեղերից է, որ ամբողջությամբ համապատասխանում է Luxury դասին:
«Կանաչների դաշինք-Ժողովրդական կուսակցության» կենտրոնական խորհրդի նախագահ Օլեգ Միտվոլի խոսքով, ավանի հնաբնակներից մեկից հաջողվել է պարզել, որ առանձնատան նախկին տերը հայազգի գործարար է եղել: Քանի որ գործարքի գրանցումը դեռ ամբողջությամբ չի ավարտվել, տան փաստաթղթերը դեռ ձեւակերպված են նրա անունով:
Առանձնատան մակերեսը կազմում է 2822,8 քառ. Մետր, իսկ հողատարածքի մակերեսը՝ մոտ 2 հեկտար է, որի վրա դարավոր սոճինե են տնկված: Հարեւանությամբ լճակ կա:
Ավան պաշտպանությունն իրականացնում է արհեստավարժ ծառայությունը: Այնտեղ տները հասնում են մինչեւ 100 մլն դոլարի: Յանուկովիչի անմիջական հարեւանը Լեյլա Ալիեւան է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավագ դուստրը: Իլհամ Ալիեւն ինքն էլ առանձնատուն ունի այնտեղ:
Ավանում են ապրում Ալեքսանդր Ժուկովը, Կրիստիան Օրբակայտեի նախկին ամուսին Ռուսլան Բայսարովը, «Ռոսնեֆտի» նախկին նախագահ Սերգեյ Բոգդանչիկովի եւ Արա Աբրահամյանի ընտանիքները: Այստեղ է գտնվում նաեւ տիեզերանավի տեսքով տունը, որ Վլադիսլավ Դորոնինը նվիրել է Նաոմի Քեմփբելին՝ որպես փոխհատուցում չկայացած ամուսնության համար:

































