Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում ազգությամբ եզդի, 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը մարտի 15-ին՝ գիշերը ժամը 22:00-ի սահմանում, սպանել է իր խորթ հորը՝ ազգությամբ քուրդ, 54-ամյա Էվիլիա Գյուլիշթեքինին: Դեպքին ականատես է եղել Մաքսիմի մորաքույրը՝ Բասե Շարոյանը, որը NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում պատմեց, որ հայր ու որդի վիճել են, ապա Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը:

«Մենք գերեզմանոցից եկանք, Էվիլիան Մաքսիմին ասեց, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Էս Մաքսիմն էլ՝ թե ոնց, դու մամայիս փողով ե՞ս սպանել, դու հասկանում ե՞ս՝ ինչ ես խոսում: Ու Մաքսիմը գույնը գցեց: Հետո եկանք տուն, Էվիլիան իջավ ներքեւ՝ մեքենայի վրա գործ անելու: Եկավ տուն, մտավ լողանալու, դուրս եկավ, նորից ասեց, որ գնալու է Թուրքիա: Մաքսիմս նորից բարկացավ, թե ինչի էս գնում ու իրան կանչեց ներքեւ: Իրանք որ իջան, ես էլ հետեւներից իջա: Իրար քաշքշեցին, ու մեկ էլ բռնեց ու դանակը խփեց սրտին»,-պատմեց Բասե Շաքոյանը:

Նշենք, որ Մաքսիմի մորը՝ Մայա Բաքոյանին մոտ մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու եղբայրը՝  4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով կնոջը: Մինչեւ Թուրքիա՝ ամուսնու հարազատների մոտ մեկնելը, Մայա Բաքոյանը ամուսնու՝ Էվիլիա Գյուլիշթեքինի հետ 12 տարի ապրել էր Գյումրիում: Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Էվիլիան ազգությամբ թուրք է: Էվիլիան, սակայն, հետագայում հերքել էր այդ լուրը, ասելով, որ ինքն ապրել է Թուրքիայում, սակայն ազգությամբ ոչ թե թուրք է, այլ քուրդ:

Կնոջ սպանությունից օրեր առաջ Էվիլիան կնոջ և երեխաների հետ մեկնել էր Թուրքիա՝ ութամյա որդուն մուսուլմանական ավանդույթներով կնքելու համար: Մայայի քույրը լրատվամիջոցներին պատմել էր, որ քրոջ ամուսնու՝ Թուրքիայում բնակվող հարազատները չէին ընդունել եզդի հարսին, ստիպել էին կրոնափոխ լինել, ինչի պատճառով էլ վեճ էր ծագել: Նա նաեւ նշել էր, որ Թուրքիայում կայացած դատական գործընթացն ավարտվել էր հօգուտ սպանողի: Մոր սպանությունից հետո, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Բասե Շարոյանը, Մայայի որդին՝ Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր եղել, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում:

Բասե Շարոյանի խոսքով, քուրդ հայրը Մաքսիմին ամեն կերպ հասկացրել է, որ նա այդ տանն ավելորդ է, անգամ զրկել է նրան բնակարանի սեփականության իրավունքից: «Նա ամեն ինչից զրկել էր Մաքսիմիս, նույնիսկ մեքենայից: Ամեն բան անում էր, որ էս տղի համբերությունը հատի, ու տեսաք՝ ինչ եղավ»,- ասաց Մաքսիմի մորաքույրը՝ նշելով, որ տղան խորթ հոր հետ ապրում էր միայն հանուն մոր հիշատակի:

Նա պատմեց նաև, որ Մաքսիմը մոր մահից հետո չէր կարողանում ուշքի գալ. «Մոր վիշտը հանգիստ չէր տալիս, միշտ մեկուսանում էր սենյակում: Ես էլ ասում էի՝ տղես յոլա գնա էդ թուրքի հետ, գործ չունես: Էվիլիան խաբել, ասել էր, թե մոր սպանողին դատել են, հետո Մաքսիմն իմացավ, որ սուտ է, բարկացավ: Էն էլ միտումնավոր բաներ էր անում, ոնց որ ասեր՝ արի ինձ սպանի»:

Մաքսիմի հարևանները, որոնց ցնցել էր պատահածը, ասացին, որ եզդի երիտասարդի կողմից երբեք վատ արարք չեն տեսել: «Խելոք տղա էր: Թե ինչն է պատճառը, չգիտենք: Չէին վիճում: Երեւի ընտանեկան հարց էր: Երեկոյան մենք կռվի ձայներ լսեցինք, նայեցինք պատուհանից, տեսանք, որ շտապօգնությունը մարդ է տանում: Հետո իմացանք, որ Էվոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հարեւանուհիներից Կարինե Մկրտչյանը:

Ոստիկանության Գյումրու բաժնից NEWS.am-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի՝ սպանություն հատկանիշներով: Մաքսիմ Բաքոյանը ձերբակալված է և գտնվում է Ախուրյանի ձերբակալվածների պահման վայրում, իսկ հանցագործության գործիք դանակն առգրավված է: