Ղրիմը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ հնարավորինս սեղմ ծամկետներում: Այդ մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը:
«Ամեն ինչ առավելագույնս արագ կանենք՝ բայց պահպանելով իրավաբանական ընթացակարգերը»,- ասել է նա: Աքսենովը նշել է, թե Ղրիմի բնակիչները պարզեցված կարգով կստանան ռուսական անձնագրեր եւ այլ փաստաթղթեր: Մարտի 17-ի առավոտյան կայանալու է Ղրիմի Գերագույն խորհրդի նիստ, որը կդիմի ՌԴ նախագահին՝ խնդրելով Ղրիմը ընդգրկել Ռուսաստանի կազմում:
Ղրիմը ծրագրում է արդեն ապրիլին ընդգրկվել ռուբլու գոտում:
Նշենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացել է հանրաքվե՝ Ռուսաստանին միանալու կամ Ուկրաինայի կազմում լայն ինքնավարության հարցով: Ուկրաինայի իշխանություններն ու միջազգային հանրությունը հայտարարել են, թե չեն ընդունում հանրաքվեի արդյունքները: Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւը հայտարարել է, թե թաթարների 90 տոկոսը չի քվեարկել: Նրա խոսքով, ընտրողների իրական մասնակցությունը չի գերազանցվել 30 տոկոսը:



























