Malaysian Airlines ավիաընկերության կորած Boeing ինքնաթիռը շարունակել է եւս վեց ժամ ազդանշաններ փոխանցել այն բանից հետո, երբ օդաչուները հաղորդել էին «Ամեն ինչ լավ է, բարի գիշեր», գրում է բրիտանական The Guardian-ը:
Հակասական բազմաթիվ հայտարարություններից հետո Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է, թե ինքնաթիռը շարունակել է եւս 6,5 ժամ ազդանշան տալ վերգետնյա վերահսկողությունը կորցնելուց եւ միայն դրանից 45 րոպե հետո Maiaysian Airlines-ը հայտարարել է ինքնաթիռի անհետացման մասին:
Վերջին ահազանգը ստացվել է ձգված միջանցքներից մեկից, որը Ղազախստանի հյուսիսից ձգվում է մինչեւ Ավստրալիայի հարավ: Այդ ժամանակ, եթե օդանավը օդում լիներ, պիտի այլեւս վառելիք չունենար: Այդ կապակցությամբ, ինքնաթիռի որոնման գոտին ստիպված էին ընդլայնել: Այդուհանդերձ, մինչ այժմ անհայտ է, թե ինչպես է ինքնաթիռին հաջողվել աննկատ անցնել բազմաթիվ երկրների ռադարներով:
Հիշեցնենք, որ Boeing 777-200 ինքնաթիռի հետ կապը կտրվել էր մարտի 7-ին: Ինքնաթիռում 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ է եղել: Որոնումներն առ այսօր ոչինչ չեն պարզել:



























