Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են բազմաթիվ խախտումների մասին, որ տեղի են ունեցել Ղրիմի հանրաքվեի ժամանակ: Այսպես, «Ուկրաինսկայա պրավդան» գրում է, թե Ղրիմում քվեարկության չգնացածների հետեւից գալիս են տուն, ավելի համոզիչ երեւալու համար՝ ոստիկանության ուղեկցությամբ: Ականատեսների վկայությամբ, անցնում են բոլոր բնակարաններով, պահանջում են ներկայանալ քվեարկության: Տղամարդը «արկղն» է տանում, կինը ցուցակը: «Իրենց նույնիսկ տեղամասեր պետք չեն»,- պատմել է ականատեսը, ով նկարահանել է տեսածը:

Բազմաթիվ ղրիմցիներ քվեարկության էին եկել՝ իրենց բողոքը հայտնելու: «ԳրոմադսկեՏՎ»-ի փոխանցմամբ, շատերն իրենց բողոքը հայտնել են՝ անվավեր դարձնելով քվեաթերթիկը: Ամենահայտնի գրառումներից են «Փառք Ուկրաինային», «Ղրիմը Ուկրաինա է», «Նաեւ «Մահ կամ ազատություն», «Խուտին Պույ», գրում է Cenzor-ը: Ուկրաինայի ընտրողների միության նախագահ Ալեքսանդր Չերնենկոյի խոսքով հանրաքվեի աննորմալ բարձր մասնակցության պատճառն այն է, որ հենց տեղամասերում ընտրացուցակներում ընդգրկել են բոլոր ցանկացողներին, նույնիսկ ՌԴ քաղաքացիներին: Արձանագրվել են նաեւ բազմակի քվեարկության դեպքեր:

Նշենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացել է հանրաքվե՝ Ռուսաստանին միանալու կամ Ուկրաինայի կազմում լայն ինքնավարության հարցով: Ուկրաինայի իշխանություններն ու միջազգային հանրությունը հայտարարել են, թե չեն ընդունում հանրաքվեի արդյունքները: Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւը հայտարարել է, թե թաթարների 90 տոկոսը չի քվեարկել: Նրա խոսքով, ընտրողների իրական մասնակցությունը չի գերազանցվել 30 տոկոսը: