Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել Սերբական առաջադիմական կուսակցությունը, որն ստացել է 250 տեղանոց խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը:

Այսպիսով, ժամանակակից Սերբիայի նորագույն պատմության մեջ քաղաքական միավորումն ստացել է ինքնուրույն ձեւավորել խորհրդարանական մեծամասնություն եւ կառավարություն:

Հանրապետական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ քվեաթերթիկների մոտ կեսի հաշվարկից հետո «առաջադիմականները» ստացել են մոտ 50 տոկոս ձայն, ինչը թույլ է տալիս նրանց ստանալ խորհրդարանում 156 մանդատ:

Նշվում է, որ նախկին ազգայնականները ընտրություններում հաղթել են արեւմտամետ կարգախոսներով: Կուսակցության նախընտրական շտաբում երկուշաբթի գիշերը շռնդալից նշել են իրենց հաղթանակը: Հրավիրվել են երաժիշտներ, ներկաներին 20-կգ-անոց տորթ են հյուրասիրել, նաեւ շամպայն եւ ավելի թունդ խմիչքներ:

Ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերն ստացել են 15 տոկոսից քիչ ձայն եւ իրենց ավելի համեստ են պահել: Տեղի վերլուծաբանները նշում են, որ ժողովրդավարական ուժերը շատ թույլ ելույթներ են ունեցել, նրանց մի մասը չի կարողացել հաղթահարել նույնիսկ նվազագույն շեմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սերբական առաջադիմական կուսակցությունը ստեղծվել է 2008 թվականին, 21 պատգամավորների մասնակցությամբ, որոնք դուրս են եկել Սերբական արմատական կուսակցությունից: Վերջինս միավորում էր Սլոբոդան Միլոշեւիչի կողմնակիցներին:

Ներկայումս «առաջադիմականները» հանդես են գալիս բարեփոխումների օգտին, որոնք կարող են երկիրը մոտեցնել ԵՄ-ի հետ ինտեգրացման:

Սերբիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները