Մալազիացի քննիչները ուսումնասիրում են  այն վարկածը, որ Malaysia Airlines օդանավը ռադարներից անհետանալուց հետո կարող էր ուղեւորվել «Թալիբանի» կողմից վերահսկվող Աֆղանստանի կամ Պակիստանի տարածք:

Independent-ի հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ  քննիչները դիվանագիտական թույլտվության են սպասում այդ վարկածի ստուգման համար:

«Ինչ վերաբերում է Աֆղանստանին կամ Պակիստանին, առանց նրանց թույլտվության չենք կարող ուսումնասիրել վարկածը: Հուսով ենք մոտ ժամանակներս ստանալ թույլտվությունը», - թերթին հայտնել է Malaysian Airlines-ի ներկայացուցիչը:

Նշվում է, որ  թալիբների կողմից վերահսկվող շրջանները օդային այն երկու միջանցքներում են ընդգրկված, որոնցով կարող էր թռչել օդանավը՝ ռադարների էկրաններից անհետանալուց հետո: Սակայն այդ դեպքում օդանավը հազիվ թե աննկատ մնար Պակիստանի կամ Աֆղանստանի կապի  միջոցների կողմից: Պակիստանի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ ռադարների գրառումներն ստուգելուց հետո՝ անհետացած օդանավի հետքերը չի հաջողվել հայտնաբերել:  

Ավելի վաղ Մալազիայի իշխանությունները հայտնել էին, որ օդանավի օդային կապի համակարգը մասնակիորեն  խափանվել էր, երբ օդաչուն վերջին անգամ կապվել էր երկրի հետ:

Մալազիայի ոստիկանությունը խուզարկել է անհետացած օդանավի առաջին եւ երկրորդ օդաչուների բնակարանները: Այդ վճիռը կայացվել էր Մալազիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակի հայտարարությունից անմիջապես հետո, ըստ որի՝ օդանավի անհետացումը «կանխամտածված գործողությունների» հետեւանք է: Ըստ նրա՝ օդանավը փոխել է ուղղությունը, իսկ ազդանշանները շարունակել են արբանյակներին օդանավի համակարգի վերաբերյալ տվյալներ փոխանցել՝ ռադարների էկրաններից անհետանալուց յոթ ժամ անց: