Ռուսաստանը ամենակարճ ժամկետներում օրենսդիր որոշումներ կկայացնի Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, հաղորդել է «Եդինայա Ռոսիայի» մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեւերովին:

«Կայացած հանրաքվեի արդյունքները պարզորոշ կերպով ցույց են տալիս, որ Ղրիմի բնակիչները իրենց ապագան տեսնում են միայն Ռուսաստանի կազմում: Մարդիկ քվեարկել են հանուն ազգի միասնության: Բոլոր անհրաժեշտ օրենսդիր որոշումները կկայացվեն ամենակարճ ժամկետներում»,-մեջբերում է կուսակցության մամուլի ծառայությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացել է հանրաքվե՝ ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ: Երեք-չորրորդ ընտրատեղամասերի արդյունքների ամփոփման համաձայն՝ քվեարկությանը մասնակցած բնակիչների 95,7 տոկոսը կողմ են արտահայտվել Ղրիմի՝ ՌԴ կազմում ներառվելուն: