Կապանում տեղի ունեցած վթարի հետեւանքով 9 վիրավորներից մեկին՝ 10-ամյա Անի Սարգսյանին, տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի հիվանդանոցի տնօրեն Սմբատ Օրբելյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց հիվանդանոց ընդունվել էր 8 հոգի, որոնցից մեկին՝ 10-ամայ Անի Սարգսյանին, տեղափոխել են Երեւան, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային տրավմա: Մյուս 7 վիրավորների առողջական վիճակը, հիվանդանոցի տնօրենի փոխանցմամբ, ծանր է, բայց կայուն: «Բոլորի մոտ համակցված տրավմաներ են, վերջույթների կոտրվածք եւ կրծքավանդակի, կողերի կոտրվածք, գանգուղեղային փակ վնասվածքներ, մարմնի տարբեր մասերի սալջարդ: Նրանք երկարատեւ բուժման կարիք ունեն, կյանքներին վտանգ չի սպառնում»,- հայտնեց հիվանդանոցի տնօրենը: Տուժածներից մեկն էլ գտնվում է «Քաջարանի» բ/կ-ում: Վթարի հետեւանքով տուժածները ընտանիք են՝ հայրը, նրա որդին եւ փեսան ու 4 երեխաները:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ժամը 23:10-ի սահմաններում Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքի դիմաց, գլխավոր ճանապարհահատվածում բախվել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 38-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 77 RP 773 համարանիշի , Քաջարան քաղաքի բնակիչ 21-ամյա Լեւոն Ազարյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 11 LA 001 համարանիշի եւ Իլյա Մատիյուտի վարած Վազ 21013 մակնիշի 34 UR 647 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 3 ավտոմեքենաների վարորդներն ու Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչներ 65-ամյա Էդուարդ Սարգսյանը, 34-ամյա Թամարա Սարգսյանը, 10-ամյա Անի Սարգսյանը 11-ամյա Էդուարդ Սարգսյանը, 15-ամյա Հովհաննես Սարգսյանը, 8-ամյա Նարե Սարգսյանը, 44-ամյա Լեւոն Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի հիվանդանոց, իսկ Քաջարան քաղաքի բնակիչ 21-ամյա Լեւոն Ազարյանը՝ Քաջարանի հիվանդանոց:



























