«Նախախորհրդարանը» ներկայացրել է «նոր որակի հայկական պետության Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշները»:
Տարածված հայտարարությունում ասվում է.
«ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով երկու տասնամյակ առաջ Հայաստանի խորհրդային հանրապետությունը դարձավ դե-յուրե ինքնիշխան պետություն եւ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Սակայն այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չկայացավ որպես դե-ֆակտո ինքնիշխան պետություն, այլեւ հայտնվեց հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի ու նորգաղութային կախյալության մեջ եւ այժմ արդեն մաս առ մաս կորցնում է նաեւ դե-յուրե ինքնիշխանությունը, ինչի հետեւանքով կարող է վերածվել դասական գաղութի:
Պատճառն այն էր, որ ազգային ընտրախավի փոխարեն պետության կառավարումը հայտնվեց ստրկամիտ եւ նյութապաշտ մարդկանց ձեռքին: Այդ կառավարիչները չունեին բավարար քաղաքական կամք եւ պետականաշինության ծրագիր: Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը ձեւավորվեց որպես ազգային շահերի հաշվին աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, ինչպես նաեւ նրանց տեղական խամաճիկների շահերն սպասարկող գործիք: Այս ամենի հետեւանքով պետական կառավարման բոլոր` օրենսդիր, գործադիր եւ դատական, մարմինները վերածվել են պարազիտ կառույցների եւ այլեւս չեն կարող առանց արմատական միջամտության բարեփոխվել ու ծառայել ժողովրդին:
Այս ամենի հաշվառմամբ, Նախախորհրդարանը մշակել է Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) նորգաղութային կախյալությունից ազատագրելու եւ Նոր որակի հայկական պետություն կառուցելու համահայկական շարժման ծրագիր: Այդ ծրագիրը, մասնավորապես, մերժում է գործող պետական կառավարման համակարգի ներսում եւ դրա կանոններով ընտրություններին մասնակցելու միջոցով քաղաքական պայքարը, քանի որ ընտրությունները վերածվել են ապազգային ու հանցավոր վարչախմբի վերարտադրության մեխանիզմի: Դրա փոխարեն նախատեսվում է այլընտրանքային ընտրությունների միջոցով ստեղծել Նոր որակի հայկական պետության կառավարման հիմնական մարմինը` Հիմնադիր խորհրդարանը, որը քաղաքացիների հետ անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով ձեռք կբերի լեգիտիմություն եւ կդառնա ժողովրդի կամքն արտահայտող մարմին: Զուգահեռաբար` Հիմնադիր խորհրդարանում եւ դրա շուրջ կձեւավորվի ապագա Հայաստանի` ազգային շահերով առաջնորդվող նոր քաղաքական ընտրախավի կորիզը: Իսկ երբ ժողովրդի կամքի պարտադրմամբ կհեռացվի պարազիտի վերածված գործող պետական կառավարման համակարգը, Հիմնական խորհրդարանը, ինչպես նաեւ այդ ընթացքում նրա ձեւավորած Անցումային կառավարությունը, պատվաստի նման կներդրվեն պետական կառավարման համակարգի մեջ եւ կփոխեն դրա բովանդակությունն ու բնույթը:
Նոր որակի հայկական պետության ձեւավորման ու զարգացման կարեւոր երաշխիք է Հիմնադիր խորհրդարանի համալրումը ազգային շահերով առաջնորդվող գործիչներով:
Նախախորհրդարանն այդ երաշխիքն ապահովելու նպատակով նախապես մշակել, հաստատել եւ ստորեւ ներկայացնում է Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշները:
Ընդունվել է Նախախորհրդարանի 2013 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
65 անդամ ունեցող Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման
1. Գործունակություն:
2. Հայերենի իմացություն:
3. «Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) նորգաղութային իրավիճակի հաղթահարման եւ նոր որակի հայկական պետության ձեւավորման համահայկական շարժման» ծրագրի եւ Նախախորհրդարանի մշակած ու ընդունած` «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգ»-ի նախագծի ընդհանուր դրույթների հետ համաձայնություն:
4. 27 տարին լրացած լինելու հանգամանք (21-27 տարեկան անձանց համար սահմանվում է մասնաբաժին` մինչեւ 5 տեղ):
5. Բարձրագույն կրթություն (բարձրագույն կրթություն չունեցող անձանց համար սահմանվում է մասնաբաժին` մինչեւ 5 տեղ):
6. ՀՀ քաղաքացի, ինչպես նաեւ օտարերկրյա պետության քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ լինելու հանգամանք (ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի համար սահմանվում է մասնաբաժին` մինչեւ 11 տեղ):
7. Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի պահից ՀՀ (ներառյալ Արցախը) տարածքում մշտական բնակության եւ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար սահմանված կարգով դիմում ներկայացրած լինելու հանգամանքներ:
8. Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի եւ Արդարության ատյանի անդամ չլինելու հանգամանք:
9. Որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու պահից պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն չզբաղեցնելու հանգամանք:
10. Դիտավորությամբ հանցագործություն կատարած չլինելու հանգամանք*:
11. Նախկին ԽՍՀՄ կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների աշխատող կամ նախկին ԽՍՀՄ, ՀՀ, ԼՂՀ կամ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների արտահաստիքային գործակալ չլինելու հանգամանք:
12. ՀՀ-ում կամ ԼՂՀ-ում ստորեւ նշված կամ դրանց հավասարեցվող պաշտոններից որեւէ մեկը զբաղեցրած չլինելու հանգամանք՝
- Նախագահ,
- Ազգային ժողովի նախագահ կամ Ազգային ժողովի նախագահի տեղակալ,
- Վարչապետ կամ փոխվարչապետ,
- Ազգային անվտանգության խորհրդի անդամ,
- Նախագահի կամ Կառավարության աշխատակազմի ղեկավար կամ տեղակալ,
- մարզպետ կամ մարզպետի տեղակալ,
- Երեւանի քաղաքապետ կամ Երեւանի քաղաքապետի տեղակալ, Երեւանի վարչական շրջանի ղեկավար, այլ համայնքի ղեկավար*,
- անվտանգության, ոստիկանության, ֆիսկալ, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող եւ քրեակատարողական մարմինների աշխատող*,
- դատավոր, դատախազ, քննիչ*,
- Կենտրոնական բանկի նախագահ, տեղակալ կամ խորհրդի անդամ,
- Վերահսկիչ պալատի անդամ,
- Նախագահի կամ Վարչապետի վերահսկողական ծառայության աշխատող,
- Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ,
- պետության ֆինանսավորմամբ կամ հովանավորությամբ գործող Ծրագրիիրականացման գրասենյակի ղեկավար կամ տեղակալ*,
- Ընտրական հանձնաժողովի անդամ (վարչախումբը ներկայացնող կուսակցության կողմից),
- վարչախումբը ներկայացնող կուսակցության ղեկավար մարմնի անդամ*:
Ծանոթագրություններ
1. 4-6-րդ կետերով նախատեսված մասնաբաժինները սահմանվում են դրանց գումարի (21) եւ Հիմնադիր խորհրդարանի տեղերի ընդհանուր քանակի (65) միջեւ 1/3 հարաբերակցությունը չգերազանցելու տրամաբանությամբ:
2. 12-րդ կետում աստղանիշներով նշված չափանիշներին համապատասխանող անձի թեկնածությունը գրանցելու, ինչպես նաեւ ըստ սույն փաստաթղթով չնախատեսված չափանիշի անձի թեկնածությունը չգրանցելու հարցերի որոշման իրավասությունը վերապահվում է Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովին: Ընտրական հանձնաժողովը պարտավոր է իր այդպիսի որոշումները հիմնավորել եւ հրապարակել»:



























