Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ նամակը` այն մասին, որ քաղաքացի Կարեն Գեւորգյանն ազատությունից ապօրինի զրկվել է:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացի Կարեն Գեւորգյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության, ԼՂՀ ոստիկանության բաժնի եւ ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի ոստիկանների կողմից 2014թ. փետրվարի 19-ից մինչեւ փետրվարի 21-ը ինքն ապօրինի ազատությունից զրկված է եղել, իսկ ԼՂՀ ոստիկանության բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրվել:

Վերոհիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ոստիկանության մարզային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հետեւանքով Կարեն Գեւորգյանի իրավունքներին եւ օրինական շահերին էական վնաս պատճառելու եւ ԼՂՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու զուգորդմամբ լիազորություններն անցնելու հետեւանքով Կարեն Գեւորգյանի իրավունքներին եւ օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: