Ուկրաինացի լրագրողներն ու արվեստաբանները ուսումնասիրել են Մեժիգորյեի իր նստավայրից Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Յանուկովիչի փախուստը արձանագրած կադրերը:
ТСН հեռուստաալիքը, հիմնվելով միանգամից երկու փորձագետի կարծիքի վրա, հայտնում է, որ պետության ղեկավարի տանը ի թիվս այլոց նաեւ Այվազովսկիի, Պիկասոյի եւ Շիշկինի կտավներից են գտել, որոնցից ամենաթանկարժեքը 6 մլն դոլար արժե:
Մեժիգորյեից պետության ղեկավարի տարած նկարների մոտավոր արժեքը որոշել են արվեստաբան, մասնավոր հավաքածուների համակարգող Էդուարդ Դամշիցը եւ աճուրդի ու հին իրերի տան տնօրեն Լեոնիդ Կոմսկոյը:
Փորձագետները նշել են, որ իրենց խոսքերը չպետք է վերջնական ճշմարտություն համարել, սակայն, ըստ իրենց, դուրս տարված կտավների շարքում են Իվան Շիշկինի անտառային բնապատկերը (1 միլիոն դոլար արժողությամբ) եւ հայ անվանի նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծովանկարը (500 հազար դոլար): Արվեստաբանները կարծում են, որ տեսագրության մեջ երեւացել են Պաբլո Պիկասոյի, Իերոնիմ Բոսխի եւ Ռեմբրանդտի կտավները, սակայն ավելի ճշգրիտ նույնականացում անել եւ կտավները գնահատել չի հաջողվել:
Ըստ Դիմշիցի եւ Կոմսկոյի՝ այն փաստը, որ նման արժեքավոր աշխատանքները կարող էին պատկանել Յանուկովիչին, կասկած չի հարուցում. Մեժիգորյեում գտել էին երկու թանկարժեք ստեղծագործություն՝ Այվազովսկու «Լուսնկա գիշեր» եւ Վասիլի Պոլենովի «Քրիստոսն ու մեղավոր կինը» (6,337 միլիոն դոլար): Նախագահը դրանք չէր հասցրել տանել, այդ նկարները եւ նստավայրի մյուս թանկարժեք իրերը շուտով ցուցադրվելու են Գեղարվեստի ազգային թանգարանում:
Յանուկովիչի «փախուստից» հետո նրա անձնական նստավայր է այցելել ժողովուրդը



























