Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը այս շաբաթ կհայտարարեն իրենց գործողությունների ժամանակացույցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նա նշեց, որ առայժմ որոշում չկա գործողությունների ժամանակացույցի վերաբերյալ, տարբեր քննարկումներ, խոսակցություններ են ընթանում: «Որեւէ որոշում չկա, ժամանակացույցը վերջնական հաստատված չէ, այս շաբաթվա ընթացքում կհայտարարենք»,- նշեց պատգամավորը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը մտադիր են վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահության հայտնելու հարցը արտահերթ կարգով մտցնել Ազգային ժողովի ապրիլի 28-ի նիստի օրակարգ։

Նույն ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ ամեն անգամ խորհրդարանի քառօրյայից քառօրյա տեղափոխվող սույն հարցն այս անգամ թերեւս չի հետաձգվի։ Համենայնդեպս, չորս ուժերի ժամանակացույցում ապրիլի 28-ն արդեն նշված է որպես վարչապետին անվստահություն հայտնելու օր»։