«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամ ազատամարտիկներին ահաբեկում ու զգուշացնում են՝ չմասնակցել բողոքի ակցիաներին: Այս մասին նշանք հայտնել են, այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Յուրա Աթոյանը նշեց, որ մարտի 11-ի կազմակերպված երթի հենց հաջորդ օրն իրենց տուն է այցելել ոստիկանության աշխատակիցն ու պահանջել ազատամարտիկի անձնագիրը:

«Ես Գյումրիում եմ ապրում: Միտինգից հետո տնից դուրս եկա, մեկ էլ հարսս զանգեց, թե թաղի տեսուչը քաղաքացիական հագուստով եկել է դուռն ու լուսամուտն է թակում: Ասել է, թե թաղայինը ցանկանում է վերցնել իր անձնագիրը: Հարսս էլ իհարկե չի տվել ու թաղայինը գնացել է: Ես համոզված եմ, որ հանրահավաքի հետ է կապված»,- ասաց նա:

Յուրա Աթոյանը միակը չէ, ում տուն այցելում են ոստիկանության աշխատակիցները: Վարդանաշեն գյուղի բնակիչ, ազատամարտիկ Գեւորգ Սահակյանը կատակում է. «Լավ է էլի, հանգիստ քնում ենք: Էն օրին ենք հասել, որ ատամ ենք քցում: Իմ դեպքում գյուղապետն ա մարդկանց ուղարկել, որ ինձ ահաբեկեն, զգուշացնեն ու ասեն, որ չմասնակցենք հանրահավաքների»:

Մի քանի րոպե անց Գեւորգ Սահակյանն անկեղծացավ` պատմելով, որ իրեն հենց գյուղապետն է անձամբ զգուշացրել չմասնակցել հանրահավաքների. «Հա գյուղապետն ա ինձ ասել, որ չգնամ, բայց դա ինձ համար նշանակություն չունի»:

Նախաձեռնող խմբի անդամները չեն պատրաստվում հետ կանգնել իրենց պայքարից:

«Կարող ա մեզ էլ ա Վոլոդյա Ավետիսյանի ճակատագիրը սպասվում, բայց մենք գնալու ենք մինչեւ վերջ, հետ չենք կանգնելու մեր պայքարից, մենք կանգնելու ենք իր կողքին»,- նշեց Գեւորգ Սահակյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»։

Ազատամարտիկներն ու ընդդիմադիր ուժերը դա քաղաքական հետապնդում են համարում, քանի որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանը նախորդել էր նրա կողմից բողոքի ակցիաների կազմակերպումն Ազատության հրապարակում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am