Հայաստանում մարտին մշտապես ուժեղ քամիներ են դիտվում: Ընթացիկ ամիսն էլ բացառություն չէ: Երեւանում մարտի 17-ին ուժեղ քամի է, որը երբեմն, ըստ ականատեսների, գրեթե փոթորկի է վերածվում: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ մայրաքաղաքում ամենասաստիկ քամին Դավթաշեն վարչալան շրջանում է: Այնտեղ օդային հոսանքների արագությունը հասնում է վայրկյանում 20 մետրի, միջինը՝ 15-16 մետր վայրկյանում:
Մասնագետների կարծիքով՝ քամին չի սաստկանա: Ըստ կանխատեսումների՝ առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը քամու միջին արագությունը կլինի վայրկյանում 13-15 մետր՝ մինչեւ 20 մ/վրկ. պոռթկումներով: Նշենք, որ «Հայպետհիդրոմետ»-ը մարտի 17-ին վայրկյանում 20-25 մետր արագությամբ քամի էր կանխատեսել:
Ի դեպ, երեկ ուժեղ քամին Շվեդիայում տրանսպորտային քաոս էր առաջացրել: Դանիան եւ Շվեդիան միացնող Էրեսունյան կամրջի վրա իջեցվել էր թույլատրելի աստիճանը, իսկ քամու համար խոցելի տրանսպորտային միջոցներին խորհուրդ էին տվել հետաձգել Զունդի նեղուցով երթեւեկելը:
Վատ եղանակի վերաբերյալ նախազգուշացումից հետո Շվեդիայի հարավային Սկանիա շրջանում դադարեցվել էր երկաթուղային հաղորդակցությունը: Ուղեւորներին առաջարկել էին տեղափոխվել հատուկ ավտոբուսներ: Գնացքների երթեւեկությունը դադարեցվել էր նաեւ Շվեդիայի ափամերձ շրջանում, ուղեւորների տեղափոխումը նույնպես իրականացվել էր ավտոբուսներով:



























