2009-2013թթ ընթացքում Ռուսաստանը ԱՄՆ-ից զենքի արտահանման ծավալներով մի փոքր է հետ մնում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոքհոլմի ինստիտուտի՝ երկուշաբթի հրապարակված զեկույցում:
Զեկույցի հեղինակների տվյալներով՝ Ռուսաստանի բաժինը զենքի համաշխարհային շուկայում կազմել է 27 տոկոս, մինչդեռ ամերիկյան ցուցանիշը կազմում է 29 տոկոս: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նշվում է, որ Ռուսաստանում ռազմական արտահանումը աճում է՝ չնայած ռազմական արդյունաբերության ճյուղում առկա ճգնաժամին, որը շարունակվում է «սառը պատերազմից» հետո: 2009-2013թթ ընթացքում Ռուսաստանը սպառազինության տարբեր տեսակներ է մատակարարել աշխարհի 52 երկրների:
Զենք արտահանող առաջատար հնգյակի մեջ են նաեւ Գերմանիան՝ 7 տոկոս, Չինաստանը՝ 6 տոկոս ու Ֆրանսիան՝ 5 տոկոս:



























