«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ազատամարտիկներին վիրավորել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ շարունակել է բողոքի ցույցերը:
«Սեյրան Օհանյանը չպիտի ասի, թե ինչպիսինն է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Ո՞ր բարոյական իրավունքով եք, պարոն նախարար, Վոլոդյա Ավետիսյանին նման բան ասում, այն դեպքում որ նույնիսկ դու ես քո ձեռքով շնորհակալագիր տվել Ավետիսյանին: Գնացեք Վոլոդյա Ավետիսյանի տուն եւ կտեսնեք պատից կախված շատ շնորհակալագրեր»,- այսօր` մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդանաշեն գյուղի բնակիչ, ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը խոսել է ոչ թե Վոլոդյա Ավետիսյանի արժանիքների մասին, այլ պայմանավորվածության մասին, Ստեփան Ստեփանյանը նշեց. «Ես կուրսի չեմ, միգուցե խախտել ա, ես չգիտեմ, բայց Սեյրան Օհանյանն ի՞նչ իրավունք ունի նման կերպ արտահայտվել»:
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանն էլ ընդհատեց Ստեփանյանին` ասելով, որ ինքը կպատասխանի այդ հարցին:
«Պայմանավորվածություն խախտել են իշխանությունները: Երբ Վոլոդյա Ավետիսյանը հանդիպել է վարչապետի ու նախարարի հետ, դրանից անմիջապես հետո հայտնվել է բանտում: Բայց ի՞նչ պայմանավորվածություն է եղել, եղել է ընդամենը հրահանգ` դադարեցնել ցույցերը, որին Վոլոդյա Ավետիսյանը չի ենթարկվել: Շատ հիասթափված եմ Սեյրան Օհանյանի նման հայտարարությունից, որովհետեւ չպետք է մանրանան ու բամբասանքի մակարդակով պատասխանեն ընդվզող խմբերին»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:
Նշենք, որ Ազգային ժողովում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի` կալանավայրում գտնվելուն, ասաց, որ նախապես պայմանավորվածություն է եղել Վոլոդյա Ավետիսյանի հետ, սակայն վերջինս խախտել է այն: Օհանյանն ասել է, որ ինքը Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որ ինքը ճշտումներ կկատարի «հանրապետության ղեկավարության մոտ», բայց Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը՝ չսպասելով իր ճշտումներին եւ շարունակելով բողոքի ակցիաները։
«Արդյունքում նրանք նորից շարունակել են իրենց գործընթացը։ Ինչեւէ, որեւէ քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա», – հայտարարել էր Օհանյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»։
Ազատամարտիկներն ու ընդդիմադիր ուժերը դա քաղաքական հետապնդում են համարում, քանի որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանը նախորդել էր նրա կողմից բողոքի ակցիաների կազմակերպումն Ազատության հրապարակում:



























