Արցախյան հերոսամարտի մասնակից, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի «մատը խառն է» Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության գործում: Այս մասին այսօր` մարտի 17-ին, հայտարարեց ազատամարտիկ Յուրա Աթոյանը:

«Վոլոդյա Ավետիսյանը որ սկսել էր էս պայքարը, նույն փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը խմբեր հավաքեց ու սկսեց զուգահեռ ցույցեր անել: Հենց Վոլոդյային կալանավորեցին, Խաչիկը գետնի տակ անցավ: Ու էսքանից հետո բոլորս էլ համոզված ենք, որ հենց Խաչիկը սարքեց Վոլոդյա Ավետիսյանի գլխին, ինքը իշխանությունների պատվերն էր կատարել»,- բորբոքված ասաց նա:

Ազատամարտիկ Յուրա Աթոյանը համոզված է, որ հենց Խաչիկ Ավետիսյանը պառկտում մտցրեց ազատամարտիկների մեջ:

«Ո՞ւր ա կորել Խաչիկ Ավետիսյանը: Մանվելն իր հերթին քաշեց ազատամարտիկներին, Խաչիկն էլ մյուս կողմից իր մոտ տարավ, որ մենք պառակտվենք ու էս օրին հասնենք»,- ավելացրեց Յուրա Աթոյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»։

Ազատամարտիկներն ու ընդդիմադիր ուժերը դա քաղաքական հետապնդում են համարում, քանի որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանը նախորդել էր նրա կողմից բողոքի ակցիաների կազմակերպումն Ազատության հրապարակում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am